Քաղաքական մահակ դարձրած թեզը ՝ «Կամ՝ մենք, կամ՝ սեպտեմբերին աղետաբեր պատերազմ», որ փչացած «пластинка» դարձրած միալար պտտեցնում են վարչապետ-Արաբատ Միրզոյան երկյակը և կից՝ դուստր ընկերությունը, ոչ միայն նախընտրական հնարք է, այլև բարոյական և պետականակործան ջրբաժան։
Իրավիճակ, երբ դիցաբանությունից հայտնի քաջքերի զոհը՝ մերօրյա այսահարվածը, հայ ժողովրդին կանգնեցնում է «փրկագնի» առջև՝ «կամ․․․ կամ»։
«Ասում էի` պատերազմ ա լինելու, ասում էին` ի՞նչ գիտես: Բա 7 տարվա վարչապետ եմ, եթե դա չիմանամ, էլ ընչի՞ եմ վարչապետ: Հիմա էլ ասում եմ` սեպտեմբերին լինելու ա աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա»։
Կամա, թե կամա մտաբերում ես «պերճախոս» մի ՔՊ-ականի (նրա, որ ԱԺ ամբիոնից «լալիս» էր, թե երկու տարի անտրուսիկ է շրջել) շողոքորթ ներբողը «շեֆին»։
Առիթը 2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած կլոունադան էր։
«Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան։ Չուզեցան, չփորձեցին, ՎԱԽԵՑԱՆ։
Դու հազար անգամ անցար դժոխքի միջով, հազար անգամ մեռար ու հազար անգամ հարություն առար։
Քեզ անիծեցին, ընտանիքդ թիրախավորեցին, երեխաներիդ սպանելով սպառնացին, բայց դու չհանձնվեցիր, որ երեխաներիդ անիծողների երեխաները ապրեն խաղաղ երկրում, խաղաղ երկնքի տակ։
Շնորհակալ եմ։
Սերունդները շնորհակալ են լինելու»։
Հիմա ի՞նչ՝ վաշինգտոնյան «սուպերշոուն»՝ Նոբելյան մրցանակի հավակնություններ դրսևորած 79-ամյա հրձիգ-մանկասպանի, պատերազմական հանցագործ, ցեղասպան բռնապետի ու ենոքավանցի միմոսի բեմադրմամբ, համարենք «kaputt»?
Միայն 7-րդ ամսու՞մ ախտորոշվեց, որ չզարգացող, թունավոր հղիություն է։
Էմբրիոնի գենետիկ և քրոմոսոմային անոմալիաները ստիպեցին վիժեցնե՞լ TRIPP-ը։
Վարչապետ-ԱԳ նախարար երկյակի գլխավոր փաստարկը, թե իրենց վերընտրվելն է խաղաղության միակ երաշխիքը, փշրվում է վերջին վեց տարիների դառը իրականության բախումից։
Սեփական վախերից «ահաբեկիչներ» դարձած ՔՊ-ական խմբակը 2020 թ. սեպտեմբերին էլ էր, չէ՞, իշխանության։ ՈՒներ ժողովրդի, այսպես ասած, բացարձակ քվեն։ Սակայն չկանխվեց 44-օրյա աղետն ու տասնյակ հազարավոր տղաների զոհաբերումը։
Իսկ ինչի՞ ականատեսը դարձանք 2021-ի «խաղաղության մանդատից» հետո։
Այո՛, ՀՀ սուվերեն տարածքների զավթմանը և Արցախի ամբողջական հայաթափմանը։
Այժմ հարց՝ եթե ձեր ներկայությունն ու լեգիտիմությունը երբեք չեն եղել պատերազմը կանխող գործոն, ինչու՞ պետք է հավատալ, որ նոր քվեն կդառնա անվտանգության վահան։
Հռետորական հարց՝ ե՞րբ է հաջորդ հետույքաբացը խոստովանելու՝ խաղաղությունը ոչ թե նպատակ էր, այլ ներկայացում, որի վերջնախաղը որպես նախընտրական սեզոնային ապրանք հերթական անգամ դառնում է պատերազմի սպառնալիք։
Շողոքորթությունը, թե նա «հազար անգամ մեռավ ու հարություն առավ», որպեսզի «անիծողների երեխաները խաղաղ ապրեն», որպես դաժան ծաղր է հնչում սեփական ժողովրդին տեռորի ենթարկող բանաձևման՝ «սեպտեմբերյան աղետաբեր պատերազմի» ֆոնին։
Եթե նա արդեն «արեց այն, ինչ մյուսները չկարողացան» և հաստատեց խաղաղություն, ապա պարտադրված աբորտից հետո ինչպե՞ս մեկնաբանել նույն ժողովրդին «աղետաբեր պատերազմով» սպառնալը։
Իրավունք ունե՞մ եզրակացնելու՝ վարչապետ կոչվածն ահաբեկչական ձևակերպմամբ հնչեցրեց «խաղաղության դարաշրջանի» փաստացի տապալման զանգը։
Իսկ «հարություն առնելու» և «խաղաղ երկնքի» մասին հեքիաթներն ընդամենը քաղաքական էքստազի արդյունք էին և բացարձակ կապ չունեին մեր սահմանին կանգնած զինվորի կյանքին սպառնացող վտանգների հետ։
Երբ դիվանագիտական սեղանի շուրջ քսու ժպիտներն ու լպրծուն շնորհակալությունները փոխարինվում են ներքին լսարանի համար նախատեսված պատերազմական շանտաժով, նշանակում է՝ «խաղաղության պայմանագիրը» ոչ թե փաստաթուղթ է, այլ մակուլատուրա, որն օգտագործվում է ժամանակ շահելու կամ իշխանությունն ամրապնդելու համար։
Բայց փաստումներով հարցը չի ավարտվում։
Որովհետև․․․ որովհետև «եթե»-ների մի ամբողջ շարք։
Եթե խաղաղությունը «մեռավ» չծնված, ապա դրա միակ պատասխանատուն հենց այն ստախոս «մեսիան» է, ում սերունդները պետք է «շնորհակալ լինեին»։
Եթե վարչապետի տնազը բացահայտ ասում է՝ «ես գիտեմ, որ սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու», և նրա «գաղտնազերծումը» չի դառնում ԱԱԾ քննության նյութ, ուրեմն պետական մեքենան դադարել է աշխատել հանուն պետության։
Եթե «7 տարվա վարչապետը» գիտի աղետի մասին և այն չի կանխում, այլ օգտագործում է ընտրություններում մեծամասնություն ստանալու համար, ապա տվյալ երկրում մոլեգնում է քաղաքական տեռորը սեփական ժողովրդի հանդեպ։
Եթե պատերազմի միակ այլընտրանքն այս իշխանության վերարտադրությունն է, ապա մենք գործ ունենք ոչ թե ղեկավարի, այլ «պատերազմի դիլերի» հետ, ով վաճառում է վախը՝ իշխանություն գնելու համար։
Ե՞վ․․․ պարոն բաց հետույք, հիմա սերունդներն ու՞մ են «շնորհակալ» լինելու, եթե մերօրյա իրականությունը գոռում է ի լուր խցանված ականջների ու վախից ախտահարված ուղեղների՝ ներկա անփառունակ ժամանակները սերունդներն հիշելու են որպես մեծագույն ստի, ինքնախաբեության ու ազգային արժանապատվության փոշիացման դարաշրջան։
Ասե՞մ ինչու չկայացավ այնքան բաղձալի խաղաղությունը։ Չկայացավ, որովհետև օտարի դռան տակ վախից կուչ եկած «քարաքոսերն» այն կառուցում էին ոչ թե ազգային ու պետական շահի, այլ «փրկչական» ամբիցիաների և միջազգային ամբիոններից մինչ օրս էլ կացնով սպառնացող ցեղասպանին նվաստացուցիչ շնորհակալություններ շռայլելու և բարեհաճություն մուրալու ավազահիմքի վրա։
Նաև իրազեկեմ հայ ժողովրդի հավաքական արժանապատվության արմատին սերտաճած գլխավոր «քարաքոսին», բոլոր անտրուսիկներին ու նրանց կողմնակիցներին՝ ձեր իսկ հայտարարությամբ ֆիքսված «kaputt»-ը ո՛չ թե խաղաղությունն է, այլ այն վստահությունը, որը ժողովուրդը երբևէ տածել է այս վարչակույտի հանդեպ։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ